Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Լուսանկարչությունը խոշորացույցի պես օգնում է ավելի լավ տեսնելու ակնթարթը»

«Լուսանկարչությունը խոշորացույցի պես օգնում է ավելի լավ տեսնելու ակնթարթը»
30.05.2017 | 10:50

Ժամանակի մանրադիտակ, պատահականություն, հիշողություն, փաստ, արվեստ ու վավերագրություն. լուսանկարչության յուրատեսակ այս բանաձևումների, լուսանկարչության պատմության, դերի ու մեր ժամանակի մասին «Իրատեսը» զրուցել է «Լուսանկարչության հարցեր. տեսություն և տեխնիկա» ձեռնարկի հեղինակներ ԿԱՐԻՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ և ՎԱՀԵ ԲՈՒԴՈՒՄՅԱՆԻ հետ:

«ԱՅՍ ՁԵՌՆԱՐԿԸ ՓՈՐՁ Է` ԳԻՏԵԼԻՔԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄՅՈՒՍՆԵՐԻՆ»


-Բոլորովին վերջերս լույս է տեսել ձեր հեղինակած «Լուսանկարչության հարցեր. տեսություն և տեխնիկա» ձեռնարկը: Լուսանկարչական դասագիրք, որպես այդպիսին, անկախությունից ի վեր առաջին անգամ է լույս տեսնում հայերեն: Ի՞նչ գրականությունից եք օգտվել, և քանի տարվա աշխատանքի արդյունքում է ստեղծվել գիրքը:
ԿԱՐԻՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ -Դժվար է թվարկել, առանձնացնել գրականությունը, որից օգտվել ենք, որովհետև այս գրքում ներկայացրել ենք այն գիտելիքը, որ կուտակել ենք վերջին տարիներին` ինքներս ընթերցելով, ուսումնասիրելով, բացահայտելով հեղինակների, լուսանկարիչների: Կարելի է ասել, այս ձեռնարկը փորձ է` գիտելիքը փոխանցելու մյուսներին: Վահեի հետ արվեստային, լուսանկարչական նախագծեր, նաև թարգմանական համատեղ աշխատանք ենք իրականացրել, և այդ ամենի կենտրոնում եղել է լուսանկարչությունը:
-Նաև ուղեցո՞ւյց է գիրքը:
Կ. Գ. -Այո, գոնե «Տեսություն» բաժինը լուսանկարչության պատմության ներածական է, տեղեկույթ, և ընթերցողը անպայման կգտնի հուշումներ, թե ինչ գրականություն կամ որ հեղինակներին կարող է կարդալ, ուսումնասիրել:
-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել տերմինները թարգմանելիս:
ՎԱՀԵ ԲՈՒԴՈՒՄՅԱՆ- Թվանշանային լուսանկարչության պարագայում կան բավական նոր տերմիններ, որոնց մի մասը դեռ չի թարգմանվել: Տառադարձել ենք կամ առաջարկել հայերեն համարժեքները: Որոշ տերմինների անգլերեն կամ ռուսերեն կիրառությունն ավելի ծանոթ ու տարածված է մեզանում: Գրքի վերջում զետեղված բառացանկում ներկայացրել ենք դրանց անգլերեն և ռուսերեն տարբերակները:
-Ձեռնարկը բուհ մտնելո՞ւ է:
Կ. Գ. -Իրականում դա բուհերի ձեռքբերումը կլինի: Սակայն նման խնդիր դրված չի եղել: Ձեռնարկը ստեղծվել է որպես ուղեցույց` լուսանկարչությամբ հետաքրքրվող, լուսանկարել սովորող մարդու համար: Գրքի երկրորդ բաժինը ինքնուսույց է, օգնում է հմտորեն տիրապետելու տեխնիկային: Այս դեպքում կարիք չկա պրոֆեսիոնալ լուսանկարչի մոտ դասընթացներ անցնելու, որ նա քեզ սովորեցնի, ասենք, թե ինչ է պահաժամը:
-Լուսանկարչական դպրոց, որպես այդպիսին, մենք ունե՞նք:
Կ. Գ. -Մի կարճ ժամանակ եղել է, ես ուսանել եմ այնտեղ: 2004-ից Ռուբեն Մանգասարյանը ղեկավարում էր լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի «ՈՒորլդ Պրես Ֆոտո» ֆոտոժուռնալիստիկայի դասընթացը: Դասերը, տեքստերը ռուսերեն էին` թարգմանված անգլերենից: Ես վստահ եմ, որ եթե նման դասընթաց հիմա լիներ, այս գիրքը այս կամ այն կերպ կկիրառվեր: Ռուբեն Մանգասարյանի վաղաժամ մահից հետո դպրոցը շարունակեցին նրա ուսանողները, սակայն այն երկար կյանք չունեցավ: Որպես այդպիսին մնաց միակը, որ հետևում էր վավերագրական, միջազգային լուսանկարչության զարգացումներին: Եվ, որքան ինձ հայտնի է, մանկավարժական համալսարանում գործում է գեղարվեստական լուսանկարչության ֆակուլտետը:
-Լուսանկարչության ոլորտում մենք հե՞տ ենք մնում միջազգային զարգացումներից:
Կ.Գ. -Շատ հարաբերական է, ունենք լուսանկարիչներ, որ գործունեություն են ծավալում միջազգային հարթակում: ՈՒնենք նաև լուսանկարիչներ, որ անթերի նկարում են, բայց իրենց հմտությունը օգտագործում են որպես արհեստ:
Վ. Բ. -Լուսանկարչությունը, մեծ հաշվով, միջազգային մեծ ցանց է, եթե ուզում ես հաջողությունների հասնել, մի քայլ առաջ գնալ, պետք է ներգրավված լինես այդ ցանցում:
-Ո՞րն է լուսանկարչական արվեստի ու ֆոտոլրագրության սահմանը:
Վ. Բ. -Ֆոտոլրագրությունը վաղուց միախառնվել է արվեստին, չես կարող ասել, թե ֆոտոլրագրությունը միայն լրագրություն է: Հաճախ ավելի շատ արվեստ է, քան լրագրություն:
Կ.Գ. -Դա սկսվեց նրանից, որ արվեստի թանգարանները վերաբացահայտեցին ֆոտոլրագրողներին ու ֆոտոլրագրությունը` որպես արվեստային լուսանկարչություն: Սկսեցին ցուցադրել և այլն:
-Այսօր լուսանկարում են բոլորը:
Կ.Գ. -Մենք ապրում ենք հետաքրքիր դարում: Մեր դարը կրթում է մեզ: Երեխան ծնված օրից առնչվում է ֆոտոխցիկին: Լուսանկարչությունն ասես դարձել է կյանքի դպրոց: Մարդիկ տեսնում են լուսանկարչորեն` կոմպոզիցիան, լույսը ճիշտ զգալու առումով: Այդպես չէին տեսնում 100 տարի առաջ: Ո՞վ էր ուշադրություն դարձնում պատուհանից ընկնող լույսին: Երևի միայն նկարիչներն ու լուսանկարիչները, հիմա` շատերը: Լուսանկարչությունը այնքա՜ն մեզ հետ է:
ԽՍՀՄ լուսավորության նախարարը` Լունաչարսկին, առաջաբան գրելով լուսանկարչական ամսագրի անդրանիկ համարի համար, նշել էր, որ լուսանկարչությունը պետք է դառնա ժամացույց բռնելու պես մի բան: Փաստորեն, մի քիչ ուշացումով, նրա մարգարեությունն իրականացավ:


«ԱՅՍՕՐ ՈՉ ՄԻԱՅՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԵԼՆ Է ԿԱՐԵՎՈՐ, ԱՅԼԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՆ ՈՒ ԽՄԲԱԳՐԵԼԸ»


-Երբ ակնթարթը, պահը ֆիքսում են, սրանով չե՞ն կանգնեցնում ժամանակը: Ժամանակը, պահը շարունակում են ապրե՞լ, թե մեռնում են` վերածվելով անշարժ, շրջանակված պատկերի:
Կ.Գ. -Լուսանկարը, արձանագրվելուց հետո, ուրիշ կյանքով է ապրում: Լուսանկարը փաստ է, վավերագրություն, հիշողություն: Իսկ հիշողությունը մեծ արժեք ունի:
Վ.Բ. -Ես կասեի, որ լուսանկարչությունը ոչ թե կանգնեցնում, այլ խոշորացույցի պես օգնում է ավելի լավ տեսնելու ակնթարթը: Լուսանկարչությունը օպտիկական մանրադիտակ է, ժամանակի մանրադիտակ: Ձին վարգի ժամանակ մի պահ միաժամանակ չորս ոտքը կտրում է գետնից: Մարդիկ առաջին անգամ դա տեսել են լուսանկարի միջոցով: Մինչ այդ ենթադրելի էր, բայց աչքով տեսանելի չէր: Լուսանկարը օգնում է ժամանակի մեջ ավելին տեսնելուն:
Կ.Գ. -Հավելեմ, որ փաստի արժևորման ժամանակաշրջանում (երբ փաստերը եկան փոխարինելու ճշմարտություններին, որոնք հնարավոր չէ ապացուցել, օրինակ` կրոնական ճշմարտությունը) լուսանկարի դերը, պահը փաստելու առումով, առավել կարևորվեց: Ռոլան Բարտն ասում էր` երբ ես տեսնում եմ ստրուկի լուսանկարը, ինձ հարկավոր չեն այլևս պատմություն, լեգենդներ, պատմությունը չի կարող միջնորդ լինել իմ և փաստի միջև: Լուսանկարը բավական է` համոզվելու համար, որ ստրկությունը եղել է ու գոյություն ունի մինչ օրս: Կարելի է նաև անվերջ խոսել լուսանկարչության մշակութային ազդեցության մասին. արվեստի գործերի համաշխարհային տարածման, դրանց ուսումնասիրման գործում լուսանկարչությունը հսկայական դեր է ունեցել:
Վ. Բ. -2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության հետևանքները պատկերող լուսանկարներից մեկում պատկերված է երկնաքերից գլխիվայր ընկնող մարդ: Թվում է` նա ներքև է սլանում բուդդիստական հանգստությամբ: Իրականում թռիչքն այդպես հանգիստ չի եղել, պտտվել է, հագուստը ընկել է վրայից: Ընկող մարդու լուսանկարների շարքից առանձնացվել է այդ պահը: Եթե լուսանկարը ժամանակը կանգնեցնում է, ուրեմն նա չի ընկնում, անշարժացել է երկնքում` հաշտված կյանքի ավարտի հետ: Ժամանակի ընտրանքը ընդհանրական է, ժամանակը, իրականությունը, իրադարձությունը առանձնացնելը, շրջանակելը նաև խաբկանք է:
Կ.Գ. -Վահեի նշած մոտեցումը պոստմոդեռնիստական, նոր լուսանկարչությանն է վերաբերում: Կար մի շրջան, որ լուսանկարիչը հերոս էր, սոցիալական մեծ փոփոխություններ էր իրականացնում: Հետո արդեն օբյեկտիվության նկատմամբ հավատը աստիճանաբար խախտվեց: ԽՍՀՄ-ում, օրինակ, ստալինյան տարիները նպաստեցին դրան: Բայց լուսանկարչությունը շարունակվում է և անընդհատ վերանայման կարիք ունի:
-Ի՞նչ կասեք այնքան մեծ տարածում գտած ինքնանկարի` սելֆիի մասին: Մարդիկ պատրաստ են նույնիսկ վտանգելու կյանքը, ասենք, հայտնվելու կոկորդիլոսի երախում, ուշագրավ լուսանկարներ ունենալու համար:
Կ.Գ. -Դա մոլուցք է, թերապևտիկ միջոց: Նրանք, ովքեր լուսանկարում են գրեթե ամեն ինչ, որ տեղի է ունենում օրվա ընթացքում, որոշակի թերապիայով են զբաղվում, վերաարժևորում են իրենց առօրյան:
Վ.Բ. -Ռիչարդ Փրինսը երկու տարի առաջ ցուցահանդես էր բացել, ներկայացրել տարբեր մարդկանց ինքնանկարներ և վաճառել դրանք բարձր գնով: Իհարկե, Փրինսի արվեստային այս ռազմավարությունն անաղմուկ չանցավ:
Կ.Գ. -Դա արդեն շուկան է: Մյուս կողմից` շատ կարևոր է լուսանկարների հեղեղի մեջ լավագույն նկարները տեսնելը: Այսօր ոչ միայն լուսանկարելն է կարևոր, այլև լուսանկարներն առանձնացնելն ու խմբագրելը: Ի դեպ, Ռոլան Բարտն ասում էր` լուսանկարչությունը պատահականություն է, և շատ էր գնահատում սիրող լուսանկարիչների պատահականորեն արած լուսանկարները:

Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարները՝ Վաղինակ ՂԱԶԱՐՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
  • ԿԱՐԻՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
  • ՎԱՀԵ ԲՈՒԴՈՒՄՅԱՆ
Դիտվել է՝ 4091

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ